Ուղերձ
Հայոց մեծ եղեռնը վերապրածների ժառանգներին
Տարագրության մեջ լիազոր ներկայացուցչություն հիմնելու համար
Նկատի ունենալով, որ՝
- թյուրքական ցեղերի կողմից Հայաստանի նվաճումից հետո, հարյուրամյակներ շարունակ, հատկապես սուլթան Համիդի կառավարման ժամանակաշրջանում, հայերը, ենթարկվելով դաժան հալածանքների և զանգվածային ջարդերի, հարկադրաբար թողել են իրենց հայրենիքը և ապաստանել աշխարհի տարբեր երկրներում,
- հայերի վիճակը հետզհետե դառնում էր ավելի սպառնալի, հայ ժողովրդի առաջնորդների օգնության կոչերը սկսում էին հասնել համաշխարհային հասարակայնությանը,
- օսմանյան կառավարությունը վերջիվերջո ստիպված էր, արտաքին ճնշումներին տեղի տալով, համաձայնել բարենորոգումներ անցկացնել Արևմտյան Հայաստանում, որոնց իրականացումը Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի վերահսկողության պայմաններում Հայկական հարցի խաղաղ լուծման հնարավորություն էր ստեղծում,
հաստատելով այն փաստը, որ՝
- չնայած Հայաստանի բռնազավթման բազմադարյա ժամանակաշրջանին, դաժան հալածանքներին, հայերը մինչև Առաջին համաշխարհային պատերազմը կենտրոնացած բնակվում էին Արևմտյան Հայաստանի հիմնական շրջաններում՝ մնալով Հայկական բարձրավանդակի հիմնական բնիկ բնակչությունը հազարամյակների ընթացքում,
- հայերն իրենք չկարողացան ստեղծել իրենց հուսալի ինքնապաշտպանությունն ու ազգային անվտանգությունն ապահովող կառույցներ, հատկապես ճգնաժամային պահերին՝ ապավինելով մեծ տերությունների օգնությանը։ Սակայն այդ տերությունների միջև հակասություններից բխող պայմաններում հայերը հայտնվեցին անպաշտպան վիճակում՝ դիմադրելու ժամանակի հրավերներին,
- օգտվելով պատերազմական իրավիճակից՝ թուրքական իշխանություններն իրականացրին ժամանակակից պատմության մեջ առաջին ցեղասպանությունը, որը մեկուկես միլիոն հայերի կյանք խլեց,
- իրենց պատմական հայրենիքում մնացած հայերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Որոշ տվյալներով՝ Արևմտյան Հայաստանում ապրում են բռնի թուրքացված և մահմեդականացված հայերի՝ երկուսից երեք միլիոն հետնորդներ, իսկ արևմտահայերի բուն ժառանգներն աշխարհում հաշվվում են մինչև յոթ միլիոն,
- նույնիսկ ցեղասպանությունից հետո պահպանվում էր դրա կազմակերպիչներին պատժելու և հայերի ազգային ու պետական զարթոնքի համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը։ Թուրքիան պարտություն էր կրել, Կոստանդնուպոլսում դատարանը երիտթուրքերի պարագլուխներին դատապարտել էր մահապատժի։ Սևրի հաշտության պայմանագրով 1920թ. օգոստոսի 10-ին Թուրքիան, ինչպես դա արել էին դաշնակից պետությունները, ճանաչեց Հայաստանի անկախությունը Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթների սահմաններում, ելքով դեպի Սև ծով՝ ԱՄՆ նախագահին վերապահելով սահմանների վերջնական ճշգրտումն ու հարակից թուրքական տարածքների ապառազմականացման խնդիրը,
- արևմտահայության ներկայացուցիչներն իրենց իրավունքների պաշտպանության համար 1917 և 1919թթ. Երևանում անցկացրին երկու համագումար։ Հակառակ կատարված որոշ աշխատանքների, այնուհանդերձ, չհաջողվեց կազմել հայոց միացյալ կառավարություն՝ բաղկացած արևելահայերի և արևմտահայերի ներկայացուցիչներից։ Հայաստանի Հանրապետության իշխանական կառույցների շրջանակներում իրենց խնդիրները լուծելու համար երկրորդ համագումարի փետրվարի 13-ի նիստում ստեղծված գործադիր մարմնի ընտրած 12 արևմտահայ պատգամավորներ տեղ գրավեցին Հայաստանի Հանրապետության խորհրդարանում,
- հոկտեմբերյան հակահեղափոխական հեղաշրջումը Ռուսաստանում, նրա խորհրդային ղեկավարների կողմից սեփական ազգային շահերի և դաշնակցային պարտավորությունների հանդեպ դավաճանությունը, մեծ տերությունների անսկզբունքայնությունը, Ազգերի լիգայի թուլությունը, հայկական ինքնուրույն, հզոր գործոնի բացակայությունը թուրքերին թույլ տվեցին խուսափել պատասխանատվությունից։ Ավելին, Թուրքիայում իշխանությունը վերցրած ռևանշիստական ուժերը բոլշևիկների օգնությամբ վիժեցրին Սևրի համաձայնագրի՝ հայերին վերաբերող որոշումների կատարումը։ Քեմալ Աթաթուրքը վերազավթեց Արևմտյան Հայաստանը։ Ապա թուրքերը, բոլշևիկները և կովկասյան թաթարները (ադրբեջանցիները) իրար միջև բաժանեցին Արևելյան Հայաստանը՝ Նախիջևանը, Կարսը, Ղարաբաղը, որպես Խորհրդային Հայաստան հայերին թողնելով միայն Երևանի նահանգի մի մասը։
- Հայկական հարցը թեկուզ մասամբ լուծելու վերջին փորձը տապալվեց Լոզանի կոնֆերանսում, երբ թուրքերը մերժեցին տարածքներ տրամադրել արևմտահայ փախստականների վերադարձի համար,
- մի շարք երկրներ և կազմակերպություններ պաշտոնապես ճանաչեցին հայերի ցեղասպանության փաստը, իսկ Եվրախորհրդարանը 1987թ. հուլիսի 18-ի որոշմամբ Եվրախորհրդից պահանջեց «ներկա թուրքական կառավարության վրա ճնշում գործադրել 1915-1917 թվականներին կազմակերպված հայերի ցեղասպանությունն ընդունել տալու նպատակով և նպաստել Թուրքիայի հայության լիազոր ներկայացուցիչների միջև երկխոսություն հաստատելուն»,
ելնելով այն հանգամանքից, որ՝
- որոշակի առարկայական և ենթակայական պատճառների հետևանքով արևմտահայերին չհաջողվեց, դժբախտաբար, ժամանակին հիմնել և պահպանել իրենց օրինական շահերը ներկայացնող լիազոր ներկայացուցչությունը,
- համայն հայության հատվածների միջև պարտականությունների և գործողությունների դերաբաշխումը կնպաստի ազգային խնդիրների լուծման արդյունավետությանը, կօգնի իր հարևանների հետ Հայաստանի Հանրապետության փոխհարաբերությունների կարգավորմանը, ինչը, իր հերթին, կնվազեցնի նրա կախումը աշխարհաքաղաքական հակամարտության հնարավոր հետևանքներից,
- ներկայիս Հայաստանի Հանրապետությունը, որը կազմավորվել է խորհրդայնացված Ռուսական կայսրության երկրորդ փլուզումից հետո՝ Արևելյան Հայաստանի մի մասում՝ Խորհրդային Հայաստանի տարածքում, որը երկու անգամ փոքր է Հայաստանի առաջին Հանրապետության տարածքից, դե յուրե իրավահաջորդը չէ առաջին հանրապետության, լիազորված չէ արևմտահայերի ներկայացուցչական մարմինների կողմից ներկայացնել իրենց շահերը և ի վիճակի էլ չէ ստանձնելու Արևմտյան Հայաստանի և արևմտահայության ժառանգների ճակատագրին և ապագային առնչվող յուրահատուկ խնդիրների լուծման առաքելությունը,
- այսօրվա Հայաստանի Հանրապետության իշխանություններից առայժմ անհնարին է ակնկալել իրենց ուժերից վեր և իրենց բուն պարտականությունների (հանրապետության անվտանգության ու բարգավաճման ապահովումը, Արցախի և հայկական այլ տարածքների նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների դիմադարձումը) ոլորտից դուրս խնդիրների լուծումը.
նախաձեռնող խումբը համարում է հրամայական (ուշացած) անհրաժեշտություն Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայերի ժառանգների լիազոր ներկայացուցչական մարմինների (Ազգային ժողով, Ազգային խորհուրդ, հանձնաժողովներ) հիմնադրումը արևմտահայերի Համագումար հրավիրելու միջոցով։
Նախաձեռնող խումբը, հիմնվելով սույն ուղերձի ակնկալվող արձագանքների վրա, կհրավիրի կազմակերպիչ հանձնաժողովի առաջին նիստ 2006թ. դեկտեմբերի 9-10-ը, Փարիզի արվարձան Սևրում։
Կազմակերպիչ հանձնաժողովը կմշակի նախապատրաստական համագումարի պատգամավորների ընտրակարգը, օրակարգը, ընդունվելիք փաստաթղթերի նախագծերը, կորոշի համագումարի վայրը և ժամանակը։
Նախապատրաստական համագումարը կընտրի ժամանակավոր Ազգային խորհուրդ իր հանձնաժողովներով։ Ժամանակավոր Ազգային խորհուրդը կկազմակերպի պատգամավորական ընտրություններ արևմտահայերի հնարավոր բոլոր բնակավայրերում, որպեսզի ժողովրդավարական ընտրություններով առաջադրված պատգամավորներից կազմված հաջորդ համագումարում կյանքի կոչվի ազգընտիր լիազոր ներկայացուցչական արևմտահայերի Ազգային ժողով, որն իր հերթին կընտրի արևմտահայերի Ազգային խորհուրդ՝ իր անհրաժեշտ հանձնաժողովներով։
Արևմտյան Հայաստանի ջարդերից փրկված հայերի ժառանգների լիազոր ներկայացուցչական մարմինների նպատակների և խնդիրների որոշման համար նպատակահարմար ենք համարում ներկայացնել հետևյալ դրույթները, որ առաջարկվում են նախաձեռնող խմբի կողմից, քննարկման կարգով.
- համահայկական այնպիսի ծրագրեր և նախագծեր մշակել և իրագործել, որոնք կնպաստեն ներկա հայկական պետականության, ներառյալ՝ Արցախի, արագընթաց զարգացմանը և հզորացմանը, ժողովրդի կենսամակարդակի բարձրցմանը, իրավական և ազատ ժողովրդավարության լիակատար կայացմանը, հայրենադարձության կազմակերպմանը և համաշխարհային մակարդակի վրա հայերի իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
- անմիջականորեն ներկայացնել արևմտահայության օրինական իրավունքները և պահանջները միջազգային կազմակերպություններում, բանակցել թուրքական իշխանությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ հասնելու Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը, դատապարտմանը, վնասների հատուցմանը և Արևմտահայաստանի բռնագրավյալ տարածքների վերադարձմանը,
- ապահովել արևմտահայության ժառանգների անարգել և անվտանգ վերադարձն իրենց պատմական հայրենիք՝ Արևմտյան Հայաստան,
- նպաստել սփյուռքում արևմտահայության ազգային նկարագրի և ազգային ինքնագիտակցության պահպանմանը,
- հետամուտ լինել Արևմտյան Հայաստանում հայկական մշակույթի հուշարձանների պահպանմանը և վերականգնմանը,
- նպաստել ժամանակակից հայկական քաղաքական մտածողության ձևավորմանը, որը հենված կլինի հատկապես վերջին հարյուրամյակին հայերի քաղաքական պատմության իրատես և գիտական վերագնահատման վրա, որը կարտացոլի ինչպես պարտությունները և կորուստները, այնպես էլ հաղթանակները և ձեռքբերումները Օսմանյան, Ռուսական, խորհրդային կայսրություններում և սփյուռքում, որը հիմք կհանդիսանա դրսևորել նոր և իրատես, պատասխանատու մտածելակերպ և գործելակերպ, մշակել և որդեգրել ժամանակակից հայկական քաղաքական վարդապետություն՝ խուսափելու նոր պարտություններից և կորուստներից, ապահովելու հայ ոգու և կամքի նոր սխրանքներ,
- նպաստել միջազգային կյանքում ինքնուրույն Հայկական գործոնի ձևավորմանը, որ կարտացոլի այն ֆինանսաքաղաքական ուժերի առաջացումը՝ հենված ազգային կապիտալի և ազգային մտավորականության միության վրա, որը կապահովի արտերկրի հայերի զանգվածային մասնակցությունն այդ գործոնի ձևավորմանը, որը վերջապես հնարավորություն կընձեռի ազգին իրեն՝ տնօրինելու իր ճակատագիրը։
Նախաձեռնող խումբ՝
Աբրահամյան Նարեկ
Աշճյան Ժիրայր
Գեյվանդով Էդուարդ
Դանիելյան Անուշավան (անձնական կարգով)
Դեմոյան Հայկ
Զարգարյան Իգոր
Զարգարյան Ռուբեն
Զեյթունցյան Պերճ
Թաշճյան Վարդան
Կապուտիկյան Սիլվա
Կյուրեղյան Ժան Վարուժան
Հայկազյան Էդուարդ
Ճգնավորյան Արշալույս
Մագոյան Նունե
Մարաշլյան Վարդան
Մելիքյան Վահան
Միքայելյան Կարեն
Մկրտումյան Արամ
Շիրիկյան Արտաշես
Պետրոսյան Վաչագան
Ջիգարխանյան Արմեն
Սարաֆյան Գևորգ
Սարգսյան Սոս
Սրապյան Ժան Վարուժան
Տարասով Արտյոմ
Տատրյան Վահագն
Քերքիաշարյան Հակոբ
Քոթանջյան Հայկ (անձնական կարգով)
Քոչարյան Ժիրայր
«Հայաստանի Հանրապետություն», 25 հոկտեմբերի 2006թ.




